Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

5-ի թռիչքը

10 պատվիրան, 2 կեսեր, 7 հրաշալիք, 4 տարերք, 1 ամբողջ, 3 խնձոր. . . Եւս մեկը` թիվ 5:

Նրանք հայտնվեցին շոու-բիզնեսում ու հենց սկզբից խոստացան «Երկնքից աստղեր բերել ու մեր սրտերը գերել»: Երեւի թե ստացվել է. նրանց սիրում ենք, սպասում ենք, լսում ենք ու երգում ենք:
«Թիվ 5»` չորս երիտասարդ, որոնցից յուրաքանչյուրը մարդկանց ու քաղաքի մասին ունի իր հայացքները, իր երազանքներն ու ապրումները:

Մարտի 5, օրը տրամադրող է. «Թիվ 5»-ի չորս տղաների հետ հանդիպեցինք, զրուցեցինք իրենց հինգերի, թռիչքների ու ձեռքբերումների մասին:

-Ռաֆո՛¸ քեզ մի պահ պատկերացրո՛ւ անմարդաբնակ կղզում: Ովքե՞ր են այն 5 մարդիկ, ովքեր այնտեղ` քո կողքին են, ու ո՞ր 5 իրերն ես հետդ վերցրել:

Ռաֆո- Բնական է, որ կինս հաստատ ինձ հետ է, այնտեղ են անպայման երեք ընկերներս, երեւի հասկացաք` որ երեքի մասին է խոսքը, ու եղբայրս էլ ինձ մենակ չի թողնի: Իսկ իրերը... Դե՛, անմարդաբնակ կղզում ի՞նչ է պետք գալու. ձայնարկիչ, երեւի հագուստ…
Տիկո (ծիծաղում է)- Հագուստն ի՞նչ ես անելու, կղզում հաստատ լավ շոգ ա լինելու, թեթեւ բաներ տար:
Ռաֆո- Կմտածեմ, Տիկո՛: Կվերցնեմ դանակ, նետուաղեղ ու հեռախոս, խաղերի համար էլի: Մնաց մե՞կ: Ծխախո~տ, չէ՛, ավելի լավ է սուրճ տանեմ հետս:

-Աբո՛, ո՞ր 5 արժանիքներն ես գնահատում անհատի մեջ ու ո՞ր 5 թերությունները չես ընդունում:

Աբո- Արժանիքներից սկսեմ. խղճով մարդկանց եմ սիրում, հումորի զգացումով, հավատարմությունն ու աշխատասիրությունն էլ շատ կարեւոր են: Բայց ամենաշատը գնահատում եմ, երբ մարդը կարողանում է պարզ լինել, որեւէ մեկի մեջքի հետեւում չի գործում, էլի~: Իսկ թերությունները…
Ռաֆո- Դե՛, բոլորի դիմացը մի հատ «ո՛չ» ավելացրո՛ւ` կստացվի:
Աբո- Հա՛, կստացվի, բայց ես ուրիշ բաներ էլ կասեմ: Չեմ ընդունում փնթի, ստախոս, անպարտաճանաչ, անխիղճ ու անհավատարիմ մարդկանց: Ինձ համար ամենաանընդունելի թերություններն են:

-Տիկո՛, որո՞նք են 5 ամենագնահատելի առավելությունները, որ ունի քո քաղաքը, քո հայուհին:

Տիկո- Երեւանում իմ ընկերներն են շատ մեծ առավելություն, փողոցները, եթե ժամանակ ենք ունենում, շատ մեծ հաճույքով քայլում ենք, մարդիկ, Երեւանի պատմությունը ու դեպի լավը կատարվող փոփոխությունները: Իսկ հայուհին. գիտե±ս ինչ, առաջինը մայր լինելն է, հայ մայրերի պես մայրեր չկան, հետո գեղեցկությունը, զսպվածությունը, խելացիությունն ու անպայման սիրելու հատկությունը:

-Մա՛վ, ասա՛ քո 5 ամենանվիրական երազանքները:

Մավ- Ես երազում եմ իմ տունն ունենալ, շատ եմ երազում, որ ընտանիքս միշտ կողքիս լինի, ու երբեւէ վատ բաներ չլսեմ նրանց հետ կապված: Ես ծննդով Գյումրիից եմ, մասնագիտությամբ էլ դերասան եմ, երազում եմ Գյումրիում թատրոն բացել: Ու մի երազանք էլ կա, որ պապայիցս ա ինձ փոխանցվել. երազում եմ ճամպրուկով փող գտնել:
Աբո (ծիծաղում է)- Գենետիկական երազանքի նման բան ա էլի:
Տիկո- Գենետիկական չէ, ժառանգական: Երեւի Մավն էլ կփոխանցի իրա տղային էս երազանքը:
Մավ- Երեւի: 5-րդը չեմ գտնում:
Տիկո- Ո՞նց չես գտնում: Երազում ես, որ ես մեքենա ունենամ, որովհետեւ հաստատ գիտես` կտամ` դու էլ քշես:
Մավ (ծիծաղելով)- Հա՛, ճիշտ ես, մոռացել էի: Քեզ խոստացել էի, չէ՞, որ դրա մասին ամենաշատն եմ երազելու: Ու ճիշտ հասկացե՛ք, սրանք նպատակներ չեն, ես լավ տարբերում եմ, հենց երազանքներ են:

-Ու այս ամենի հետ մեկտեղ` նրանք ունեն մի փոքրիկ աշխարհ, որտեղ միանում ու դառնում են մեկ, ու մեզ ներկայանում որպես արդեն կայացած ամբողջություն:

Մավ- Ես հինգը գերազանցության հետ եմ համեմատում: Կամ` գերազանցիկություն, ի±նչ պիտի ուրիշ լինի:
Ռաֆո- Չէ՛, գերազանցիկություն, չէ՛, եսիմ, մի քիչ ավելին է ամեն դեպքում:
Աբո- Ինչ-որ խորհրդավոր հատկություններով թիվ է` հաջողակության ու համախմբվածության նման մի բան:
Տիկո- Չէ՛, ես էդքան չեմ խորանում, մի բան կասեմ. մենք ավելի շատ ընդունում ենք որպես ձգտում կատարելության ու գերազանցության:

-Ու մի բան էլ. խոստացել էիք երկնքից աստղեր բերել, իսկ երբեւէ մտածե՞լ եք թռիչքի մասին եւ ունեցե՞լ եք ձեր թռիչքը:

Մավ- Ասեմ, որ շատ եմ սիրում թռիչքներ թե՛ փոխաբերական, թե՛ ուղիղ իմաստներով: Ծառայության ժամանակ երազում էի պարաշյուտով թռչելու մասին, բայց չստացվեց: Մի պահ էլ կար, որ երազումս անընդհատ ինձ տեսնում էի թռչելիս: Ահավոր շատ սիրում եմ ինքնաթիռով թռչել: Փոխաբերական իմաստով էլ շատ թռիչքներ եմ ունեցել, բայց բարեբախտաբար չեն եղել թռիչքներ դեպի խորություն: Այսինքն` վերեւից ներքեւ չեմ ընկել:
Ռաֆո- Ինձ համար թռիչքները շատ տարբեր են: Եթե խոսեմ ֆիզիկականի մասին, պիտի ասեմ, որ շատ եմ սիրում բարձրությունից ջրի մեջ թռչել: Իսկ ա՛յ փոխաբերական իմաստով հոգեբանական ու հոգեւոր շատ մեծ թռիչքներ դեռ չեմ ունեցել, բայց հաստատ գիտեմ` դրանք առջեւում են:
Աբո- Առհասարակ թռիչքը լավ բան է: Բայց հատուկ չպետք է պատրաստվես դրան: Ակամայից ինչ կստացվի, թող ստացվի: Թռիչքներ միշտ էլ կան, պարզապես պիտի սպասես համբերատար, թե երբ կգա դրանց ժամանակը:
Տիկո- Եսիմ, մի տեսակ չգիտեմ` կկարողանամ արդյոք բացատրել թռիչքը: Տասներեք տարեկան էի, երբ զգացի, որ եկել է մի պահ, որ պիտի թռչեմ ու էլ չիջնեմ: Պիտի մտնեմ այս ասպարեզը ու այն ամբողջովին իմը դարձնեմ: Իմ թռիչքն առաջին ծափահարություններն են, որ ստացա: Հետո դա դարձավ իմ մոլուցքը: Լավ իմաստով, իհարկե: Իմ մասնագիտությունը թռիչքս է: Մեր դեպքում մանավանդ հա՛մ ընկերություն է, հա՛մ զվարճանք, հա՛մ զբաղմունք, հա՛մ ամեն-ամեն ինչ: Մի խոսքով` թռիչք, որը դեռ շարունակվում է:

Հ.գ.: Մեր հարցազրույցն անցավ մարզասրահում: Մենք որոշել էինք հանդիպել դահլիճում, բայց` ոչ համերգային: Միջավայրը տրամադրող էր, իսկ թռիչքներն էլ` իրական: «Թիվ 5»-ի թռիչքներն ավելի շոշափելի դարձրեց մեր լուսանկարիչը:
«Երիտասարդ» օն-լայն պարբերական

11 Մարտ 2010

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել