| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
![]() |
Վերջերս լրացավ Ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի 60-ամյակը:
Սովորաբար հոբելյարին են նվերներ տալիս, բայց այս դեպքում հակառակն էր. նկարիչն իր մեծածավալ «Հայաստան» ստեղծագործությունը նվիրեց Ազգային պատկերասրահին:
- Այդ 60 տարվա ընթացքում ավելի շատ ձե՞ռք եք բերել, թե՞ կորցրել: Ինչի՞ համար եք ափսոսում:
- Կյանքը, որ տրվել է մեզ, պետք է խելացի օգտագործել: Ես ոչնչի համար չեմ ափսոսում: Աստծո տված պարգևն է` ապրել, ստեղծագործել: Իսկ ինչ վերաբերում է կորցնելուն կամ ձեռք բերելուն, իհարկե, միայն ձեռք եմ բերել: Վաթսուն տարին քիչ չէ, կարող ենք նաև սխալներ թույլ տալ, ուղղել, բայց ամեն տարիք իրենն է տալիս: Եթե երիտասարդ տարիներին ինչ-որ քայլ այնպես չես անում, պետք չէ փոշմանել, որովհետև այն, ինչ արել ես այն ժամանակ, հենց այն էր, ինչ պետք է լիներ, և դա է ճշմարիտը:
- Հենրիկ Իգիթյանը միշտ ասում էր, որ մեր ցանկացած երեխա շատ ավելի լավ է նկարում ամերիկյան շատ պրոֆեսիոնալ նկարիչներից:
- Գիտեք, մենք մեր ազգային առանձնահատկությունների հետ կապված` ամեն ինչ չափազանցնում ենք: Ցավում եմ, որ Իգիթյանը մեր կողքին չէ, բայց դա նրա տեսակետն էր: Ես այդպես չեմ կարծում: Եթե դա նույնիսկ ճշմարտություն է, մենք չպետք է այդ մասին բարձրաձայն խոսենք: Դա պիտի ուրիշները նկատեն: Պետք է համեստ լինել և ամեն անգամ չասել, որ մենք ամենալավն ենք: Մենք ո՛չ Ռեմբրանդ ունենք, ո՛չ Պիկասո, ո՛չ Դա Վինչի...… Այո՛, մենք ունենք շատ շնորհալի նկարիչներ: Աստված բոլորի հետ, թող ապրեն ու ստեղծագործեն:
- Կարծես պարտադիր պայման է դարձել, որ մեր նկարիչները պիտի դրսում ճանաչվեն, որ հետո ընդունվեն հայրենիքում:
- Անկեղծ ասած` իմ հոբելյանական տարվա համար Ազգային պատկերասրահին նվիրեցի իմ մեծածավալ ստեղծագործություններից մեկը` «Հայաստանը»` 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի Հայաստանի նոր ձևը կամ սինթեզը: Զարմանալին այն էր, որ որևէ ուշադրություն կամ շնորհակալագիր չեղավ ո՛չ կառավարության, ո՛չ նախագահության կողմից: Նշանակություն չունի` դա ես եմ, թե որևէ այլ մարդ: Ես տասնյակ շնորհալի արվեստագետներ գիտեմ, որոնց պետք է թե՛ մարդկային, թե՛ պետական ուշադրություն: Այդ ուշադրությունն է մեզ մոտ պակասում: Բայց երբ դրսից միջին որակի մի քանդակագործ կամ մի արվեստագետ է գալիս Հայաստան, նույն պահին ղեկավարներն այնտեղ են` շքանշաններ են տալիս, կոչումներ... … Դա սխալ մոտեցում է:
- Լինելով Ազգային պատկերասրահի տնօրեն` օգնո՞ւմ եք երիտասարդ նկարիչներին:
- Ազգային պատկերասրահը գիտական, թանգարանային կառույց է: Պետք է հասկանանք, թե որն է Ազգային պատկերասրահի գործառույթը: Մենք այս տարի մի քանի ցուցահանդես ենք բացել, որոնց հեղինակներն արդեն մոռացված նկարիչներ էին` Խաչատուր Եսայան, Ստեփան Թաթյան, Արշակ Ֆեթվաճյան: Ուսումնասիրում ենք մեր ֆոնդերը, արխիվը և նորովի ներկայացնում նկարիչներին: 60 տարի է, ինչ Ֆեթվաճյանի ֆոնդերը գտնվում են մեր արխիվում, բայց ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել: Ջրաներկի նման վարպետ մենք չենք ունեցել: Թանգարանի գործը հիմնականում ֆոնդերն ուսումնասիրելն է, ճիշտ և նորովի ներկայացնելը: Երևի այնքան էլ լավ չի, որ ասում եմ, բայց տարիների ընթացքում շատ բացթողումներ են եղել թանգարանային գործունեության մեջ: Մենք այսօր փորձում ենք բացը լրացնել. ստեղծում ենք 25 000 ստեղծագործությունների թվային և ֆոտոհամակարգ: Վերջին 6-7 տարում տպագրել ենք ցուցահանդեսների կատալոգներ, Ազգային պատկերասրահի ալբոմը և շատ այլ գրքեր, որոնք պահանջում են շատ մեծ աշխատանք:
- Ո՞րն է ձեր կյանքի լավագույն գործը:
- Գործը չեմ կարող ասել, իսկ նվաճում...… Էլի իմը չի, Աստծո տվածն է` իմ ընտանիքը:
Կապիտալ օրաթերթ
