Բոլոր միջոցառումները մեզ մոտ
home   mail   rss
Հայերեն | Русский
Գրանցվել  
Նախորդ ամիսը Հաջորդ ամիսը
Предыдущая неделя
Следующая неделя
Hayafisha on Facebook

Հնում մի հարսանիք էլ կարմիր խնձորի համար էր արվում. ազգագրագետը դժգոհ է հայկական ժամանակակից հարսանիքներից

Այսօրվա հարսանիքները ավանդական հայկական հարսանիքների ծիսաշարի ընդամենը մի աղքատիկ տեսարանն են: Այս թեմայի շուրջ այսօր հրավիրած ասուլիսին նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը՝ հիշեցնելով, որ նախկինում հայկական հարսանիքները տևել են 7 օր ու գիշեր։

«Հիմա այդ հասանիքներն անում են ընդամենը մի երեկո։ Էլ չկա մսացուի հատուկ օր, հաց ու խմորի օր»,- մտահոգվեց նա։

Ըստ նրա՝ բարեբախտաբար գյուղական վայրերում որոշ չափով պահպանվում է հին հարսանիքների ավանդույթը։ «Օրինակ, վերջերս Իջևանում հարսանիքի քավոր էի։ Այնտեղ հարսին հոր տնից դուրս հանելիս ճանապարհները փակեցին նույնիսկ տրակտորներով, ձիերով ու փող էին պահանջում։ Դա հին անցյալից է գալիս։ Իսկ ի՞նչ վատ է, որ էդ սովորույթը կա։ Ես շատ կուզեի, որ մեր հարսանիքները ծիսական հարուստ սովորույթներով ընթանային»,- նշեց նա։

Ըստ ազգագագետի՝ հնից պահպանված սովորույթ է քավորի ինստիտուտը։ Բայց այսօր փոխվել է քավորի դերակատարությունը. նախկինում քավորը կատարում էր տղայի հոր գործառույթները։ «Քավորը մեծ պարտականություններ է ունեցել՝ սկսած աղջկա ընտրությունից, հարսանեկան արարողությունը մինչև վերջ գլխավորելուց մինչև մանկածնությունն ապահովելու գործընթացը։ Երկունքի պահին հարսը դժվարին իրավիճակում էր, իսկ քավորը պետք է պարտադիր լիներ կտուրին՝ հրացանը ձեռքին, որ չարքերին հեռացներ և ծնունդը հեշտացներ»,- պատմությունից դրվագներ ներկայացրեց Նահապետյանը։

Պահպանվել է նաև հարսին հոր տնից դուրս հանելիս ճանապարհը փակելու, հարս ու փեսային մեղր ուտեցնելու, բազմաթիվ բաժակաճառեր ասելու ավանդույթը։ «Հնի մնացորդներից կարելի է առանձնացնել նաև մսացու մորթելու ու տորթ կտրելու արարողությունը։ Հարս ու փեսայի դեմքին տորթ քսելը նույն բեղմնավորման, պտղավորման արարողությունն է»,- ասաց ազգագրագետը։

Նա կողմ է աղջիկներին օժիտ տալու սովորույթին, սակայն դա չպետք է գռեհկացնել։ «Գյուղական, նաև քաղաքային վայրերում մեկիկ-մեկիկ ցույց են տալիս՝ 12 բաժին սպիտակեղեն, 12 բաժին, կներեք, կանացի ներքնազգեստ։ Ընդ որում՝ 16-ը հիմա դարձավ 12։ Հիմա սազական չէ այդ մտածելակերպն ունենալ»,- նշեց նա։ Այսօր, ըստ մասնագետի, օժիտի ծավալներն այնքան են մեծացել, որ ծնողներին իրենց աղջիկներին բնակարանի բանալի են տալիս։

«Հարսը տուն մտնելուց հետո չի վայելում սկեսրանց տան հարազատների ջերմությունը, բանալին տալիս են, ասում են՝ գնա և ապրիր ինքնուրույն։ Ազգանունս Նահապետյան է, երևի կմտածեք՝ հին դարերից եկող մարդ եմ, բայց ես չեմ ուզում, որ իմ հարսը գա և անմիջապես գնա։ Նա պետք է զգա տան շունչը, իր ամուսնու ծնողներին վերաբերվի իբրև իր ծնողի, հոգատարություն տեսնի նրանցից և ինքն էլ հոգատար վերաբերմունք ունենա»,- ընդգծեց Նահապետյանը։

Նրա կարծիքով՝ օժիտը բացասական իմաստ ունի այն դեպքում, եթե հաճախ դա դառնում է քննարկման առարկա, «երբ սկեսուրները ամեն րոպե կարող են անուշիկ հարսին երեսով տալ»։

Անդրադառնալով կարմիր խնձորի արաղությանը՝ ազգագրագետը նշեց, որ դա հայերին բնորոշ և հարազատ իրողություն է և ավելի կայուն է պահպանվել, քան որևէ այլ ժողովրդի մոտ։

Դա, ըստ Նահապետյանի, մեր ժողովրդին բնորոշ և շատ սազական է, ամոթխածության, հրաշալի պահվածքի արտահայտման ձևերից մեկն է։ Դրան չհետևողները զայրույթ են առաջացնում ազգագրագետի մոտ։

«Բա լավ, եկեք մեր ազգային էթնիկ յուրահատկությունները բոլորը մոռանանք, լցնենք գետը, թող հոսի գնա։ Այդ երևույթի ականատեսները գալիս են սկեսուրի նախաձեռնությամբ։ Սկեսուրն այդ ժամանակ 7-րդ երկնքում է հայտնվում։ Պատկերացրեք իր հարևանները, դրկիցները... Հետագայում ամոթանքից և այլ բաներից խուսափելու համար է դա անում, հպարտ ու պարզ ճակատով ցույց է տալիս՝ տեսեք իմ հարսը ինչ օրինավոր ընտանիքից է»,- նշեց նա։

Նահապետյանի խոսքով՝ հնում մի հարսանիք էլ արվում էր կարմիր խնձորի կապակցությամբ. «Դրանով սկեսուրը հարսի վատը չի ուզում, պարզապես իր գոյության հպարտության կողմն է ապահովում»։

Tert.am


09 Սեպտեմբեր 2010

Խնդրում ենք գրանցվել, որպեսզի հնարավորություն ունենաք գնահատել նյութեը




2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HAYAFISHA.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Изображение 11 из 47
Փակել