| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
![]() |
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ
Գուժ Մանուկյանն այն եզակի դերասաններից է, որոնք երբեք դերը չեն «փչացնում»: Նա միշտ գտնում է այն հետաքրքիր շտրիխը, որը դերը դարձնում է գունեղ և համոզիչ:
- Դուք այն մարդկանցից եք, որոնք տարիքի հետ ավելի հետաքրքիր են դառնում: Տարիքը շնո՞րհ ավելացնում է, թե՞ ոչ:
- Ինչքանով եմ հետաքրքիր՝ չգիտեմ, բայց, անշուշտ, տարիներն օգնում են ոչ միայն արվեստի կամ դերասանական վարպետության իմաստով, այլ ավելի հասունանալու, ճիշտ ըմբռնելու և ճիշտ ապրելու իմաստով: Իհարկե, շնորհալի մարդու շնորհքն ավելանում է, իսկ անշնորհքի ի՞նչն ավելանա...
- Համամիտ եք այն տեսակետին, որ արվեստագետը ստեղծագործում է, որպեսզի գնահատվի:
- Գովաբանվելը և գնահատվելն ինձ համար տարբեր հասկացություններ են: Իհարկե, յուրաքանչյուր արվեստագետ կցանկանա իր արածի չափով գնահատվել: Տանել չեմ կարողանում այն մարդկանց, որոնք ինչ-որ բան անում են գովաբանվելու համար: Ինձ համար դա զզվելի երևույթ է: Ես իմ հիսունմեկ տարվա բեմական կյանքում երբեք չեմ մտածել և ոչինչ չեմ արել, որպեսզի գովաբանվեմ:
Ես անում եմ այն, ինչին կոչված եմ, իսկ ես առաջին հերթին կոչված եմ ծառայել իմ հանդիսատեսին: Նույնիսկ փողոցում կամ շրջապատում աշխատում եմ այնպես անել, որ չնկատվեմ. անհարմար եմ զգում, որ ինձ ճանաչում են: Դա բնավորություն է, մարդկային տեսակ, բայց կան մարդիկ, որ նույնիսկ հագուստ-կապուստի մեջ այնպիսին են, որ իրենց նկատեն:
- Վերջին շրջանում բեմադրություններ եք անում, անգամ ֆիլմ եք նկարել: Ինչ-որ ասելի՞ք ունեիք, որը դերասանի մասնագիտությունը հնարավորություն չի տալիս ասել, թե՞...
- Դուք ակնարկում եք Դրամատիկական թատրոնում «Մսյո Ամիլկար» և Արտիստական թատրոնում «Զբոսայգում ոտաբոբիկ» ներկայացումները: Նախ՝ Ալբերտ Մկրտչյանն ուզում էր, որ իր թատրոնում բեմադրություն անեմ: Ես այդ պիեսի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, որովհետև այն ժամանակին բեմադրվել էր, և ես Վիոլետա Գևորգյանի հետ խաղացել եմ այդ ներկայացումը:
Կարոտախտի զգացո՞ւմն էր, թե՞ ոչ, բայց ուզեցի, որ այդ ներկայացման կյանքը շարունակվի: «Մսյո Ամիլկարում» ոչ թե ասելիքի խնդիր կար,այլ այդ պիեսին ուղղակի սիրահարված էի: Ես հակված եմ ավելի շատ դերասանական արվեստը, քան ռեժիսուրան: Ես ռեժիսոր չեմ, ես դերասան եմ:
- Ձեր կարծիքով՝ մենք ունե՞նք մշակութային քաղաքականություն: Ինչ-որ համակարգ պե՞տք է դրանով զբաղվի:
- Առաջ այդ համակարգը գործում էր: Ամեն ինչ կարող էիր անել: Հիմա ամենաթողություն է, ինչը շատ վատ է: Մի անգամ մեկն ինձ հարցրեց, թե այն ժամանակ էր լա՞վ, թե՞ հիմա: Հիշում եմ՝ փորձում էինք բեմադրել Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսը: Բեմադրությունը համարյա պատրաստ էր, սակայն այն ժամանակ մեզ արգելեցին խաղալ:
Հիմա այնքանով է լավ, որ կարող ես անել այն, ինչ ցանկանում ես. պետք է միայն ընկել փողի, շահի և բիզնեսի հետևից: Բոլորն զբաղված են դրանով, իսկ ազնիվ ստեղծագործողներն ինչ-որ տեղ մղվել են երկրորդ, չորրորդ պլան:Ես չեմ կարող իմ արվեստով բիզնես անել: Ովքեր կարողանում են, իրենց գործն է, բայց արվեստն աղտոտելուն ես դեմ եմ:
- Դուք որոշակի նկարագիր ձևավորած դերասան եք, կերտել եք շատ կերպարներ, այժմ էլ նկարահանվում եք այսօրվա առավել հայտնի սերիալներից մեկում՝ «Որոգայթում»: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Ես կարողացա կերպարս տանել իմ ուզած ճանապարհով՝ լինել ռեալ ամեն խոսքի և ամեն ինչի մեջ: Հիսունմեկ տարի հավատարիմ եմ մնացել իմ համոզմունքներին՝ չեմ նկարվել որևէ գովազդում և չեմ էլ նկարվի, բայց գալով սերիալներին, ասեմ... Դերասանը կոչված է խաղալ՝ լինի թատրոն, կինո, թե հեռուստատեսություն:
Ինչքա՞ն պիտի սպասեմ, որ ինձ համար համապատասխան դեր գրվի, կամ դասական պիես բեմադրվի, որ խաղամ: Երիտասարդ չեմ, ինձ պետք է խաղալ, բայց, ցավոք, նյութ չկա: Անընդհատ հրաժարվե՞մ, ինչքա՞ն պետք է սպասեմ:
- Հասարակությանն ի՞նչ իդեալ է պետք:
- Կարծում եմ, որ միայն Հիսուս Քրիստոսը կարող էր լինել, որին կարելի է ընդօրինակել: Իդեալն այն է, որ մարդ կարողանա սիրել դիմացինին այնպես, ինչպես իրեն է սիրում: Դա շատ կարևոր հատկություն է, բայց հիմա, դժբախտաբար, բոլորը միայն իրենց են սիրում...
