| Կինո | Համերգ | Թատրոն | Ցուցահանդեսներ | Երեկույթներ | Ռեստորաններ | Ին-Յան |
![]() |
- Ինձ համար ցավալի է, երբ բոլորին թվում է, թե իշխանությունների խելքները իրենցը չի ինձ համար ու փող է, որ դնում են իմ գրպանը իմ ներկայացումները բեմադրելու համար: Դա այդպես չէ: Եթե այդպես լիներ, ամեն տարի պրեմիերա կանեի, ինչո՞ւ եմ 6 տարին մեկ պրեմիերա անում:
- Գիտե՞ք ինչու են այդպես կարծում... Ինձ, իհարկե, անկեղծորեն զվարճացրեց ինտերնետում պտտվող կադրերը և դրան հետևող «բոլորս Հրանտ ենք» անեկդոտ դարձած կարգախոսը: Փաստորեն, Դուք նրանց մասին այդպես եք մտածում, բայց երբ Ձեզ կանչել էին նախընտրական քարոզարշավի համար նկարահանումների, Դուք գնացել էիք:
- Այո, ինձ առաջարկ է եղել, և ես գնացել եմ:
- Իսկ ինչո՞ւ եք գնացել:
- Իսկ ինչո՞ւ չգնայի: Ես այդ ժամանակ կարծում էի, որ դա ճիշտ է և հիմա էլ եմ այդպես կարծում` շատ ճիշտ որոշում էի կայացրել:
- Կհիմնավորե՞ք:
- Այո, որպեսզի չվերադառնա հինը: Ես նորի կողմնակիցն եմ:
- Կարծում եք` սա նո՞րն է:
- Սա հնի նորն է: Մենք էլի եկանք նրան, որ եթե ես նստեմ, սպասեմ, թե ինձ փող կտան ներկայացում անելու համար, էդպես չի լինելու: Ի տարբերություն շատերի, այսքան ժամանակ իմ արածի ու ասածի դիմաց ես երբևէ չեմ սպասել ֆինանսական կամ այլ գնահատականի, երբեք չեմ խնդրել, չեմ պահանջել ու չեմ էլ խնդրելու ու պահանջելու: Որովհետև ես 50-ն անց տղամարդ եմ, ով իր կենցաղային խնդիրներից` մեքենա, տուն գնելուց սկսած, մինչև հոգևորը` ներկայացում անելը, եթե պիտի ինչ-որ մեկի վրա հույս դնեմ, որ ինձ գումար կտա, այդ օրվանից ես իմ կնոջ և երեխաների մոտ կդադարեմ տղամարդ լինելուց: Ինձ պետք չի, որ գնամ, ասեմ. «Առաջ Հայաստան», ու ինձ դրա համար փող տան:
- Դուք համոզմունքո՞վ եք գնացել, հանուն գաղափարի:
- Այո, համոզմունքով եմ գնացել: Երբ 1990 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ընտրել, էլի համոզմունքով եմ գնացել: 1996-ին, երբ Վազգեն Մանուկյանին եմ ընտրել, էլի համոզմունքով եմ գնացել: 1998-ին Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքին եմ ընտրել, էլի համոզմունքով: Եվ երկու անգամ եմ իմ խոսքը ասել` վերջինը, որ ձեզ հայտնի է, մեկ էլ` Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի համար, երբ ուժը, դիրքը, հախուռն ու ոչ ստանդարտ մտածողությունը` խոսքս լուսահոգի Սպարապետի մասին է, և իմաստությունը, ադմինիստրատիվ կառավարման սիստեմի մեջ բովված լուսահոգի Կարեն Դեմիրճյանը միավորվել էին: Երկրի ընթացքը նրանք կարող էին փոխել:
- Իսկ ի՞նչ եք մտածում Հոկտեմբերի 27-ի մասին:
- Հոկտեմբերի 27-ը բոլորիս մեղքն է: Մենք բերեցինք-հասունացրինք Հոկտեմբերի 27-ը` մեր անհավատությամբ, հոռետեսությամբ: Ես սպասում էի, որ հոկտեմբերի 28-ին, 29-ին ժողովուրդը դուրս կգար ու կպահանջեր արգելել ցույց տալ այն կադրերը, որ ցույց են տալիս սպանդը և այն պահը, երբ հրացանի կոթով խփում են Սպարապետի գլխին: Ես և Գրիգոր Աղախանյանը գնացինք պառլամենտի շենքի մոտ, մի սպայի խնդրեցինք, որպեսզի արգելեն այդ կադրերի ցուցադրումը: Չի կարելի: Ես չեմ ուզում, որ իմ երեխային, ում ես պատմում եմ Վազգենի մասին, նրա աչքի առաջ ավտոմատով հարվածեն Սպարապետի գլխին:
- Այն ժամանակ պիտի դուրս գայիք փողոց և պահանջեիք սպանդի պատասխանատուների հրաժարականը:
- Այն, ինչ կատարվում է մեր երկրում վերջին 20 տարիների ընթացքում` մառազմ է: Երբ մտավորականները, ակտիվ մտածողները եկան իշխանության և դարձան կուսակցություն, սկսվեց սխալ սխալի վրա: Մեզ առաջին անգամ տրվեց սպիտակ էջ, գրիչ և հնարավորություն տրվեց նոր պատմություն գրել: Իհարկե, գրիչի թանաքը լցնողներ էլ կային, ձեռքը բռնողներ էլ, բայց կարող էինք գրել փառահեղ պատմություն: Իսկ մենք խզբզեցինք: Ո՞ւմ մեղքով, ո՞վ էր անում` կարևոր չի. մենք արեցինք, դրա համար էլ ունենք այս հետևանքը: Ու մենք փակուղուց դուրս չենք գա մինչև չկարողանանք իրար հասկանալ:
- Համաձայն եմ, որ սպիտակ էջում կարող էինք կարգին պատմություն գրել: Սակայն առաջին նախագահին չեն ներում, բայց հանդուրժում են վերջին տասնամյակում կատարվածի հեղինակներին:
- Դեռ 1993-ին մենք իրավունք չունեինք պահանջել առաջին նախագահի հրաժարականը: Սխալ էր: Նախ` 2-3 տարի էր, ինչ իշխանության էին եկել, երկրորդը` պատերազմի մեջ էինք: Հեռանա` ո՞ւր: Լավ, հեռացավ, ո՞վ է գալու էդ մարդու տեղը: Նրա հետևից եկող ուժ չունեինք, չթողեցին, նորերը չաճեցին: Էդ սպիտակ թուղթը 17 տեղից փակեցին ու չթողեցին, որ մարդ մոտենա: Եվ ինչ կատարվում է` այնտեղ է կատարվում, որի մասին մենք միայն ենթադրություններ կարող ենք անել: Իսկ մենք դրա կողքին ենք հայտնվել ու մեզ տարբեր ճամբարներից ենք համարում ու փողոցում տեսնելիս չենք ուզում իրար բարևել:
- Չե՞ք կարծում, որ կողքից նայելու փոխարեն պետք է ջարդել ու ներս մտնել:
- Չեն թողնի, որ ջարդենք: Էսօր չեն թողնի: Ձեր սերունդը պիտի ջարդի, մտնի: Ես շատ բարձր կարծիքի եմ մեր երիտասարդության մասին: Ամեն սերունդ խաբվածություն ունի, թե եկող սերունդը իրենցից վատն է: Ժամանակին իմ պապիկը ինձ տանում էր Կոմայգի ու պատմում էր, թե ինչպես իրենք հաղթեցին ֆաշիստներին ու վերջում ասում էր .«Տա Աստված, որ ձեր սերունդը...»: Երբ պատանի էի, հայրիկս ասում էր. «Բա որ վաղը մյուս օրը մեր երկրին մի բան լինի, ո՞նց եք պաշտպանելու»: Բայց երկրի ամենաբախտորոշ պահին` Ղարաբաղյան պատերազմում, մեր սերունդը ոտքի կանգնեց ու հաղթեց, այն դեպքում, երբ մենք մենակ էինք, ոչ ոք չկար մեր կողքին: Ու երբ հաղթանակի լուրերը եկան ճակատից, հայրիկս բաժակ բարձրացրեց, ես դա երբեք չեմ մոռանա, և ասաց. «Ես ներողություն եմ խնդրում ձեր սերնդից»: Եվ այն ժամանակ, որքան էլ սխալներ լինեին, իրավունք չունեինք պահանջել Տեր-Պետրոսյանի հեռանալը, որովհետև երբ հացի խնդիրը հաղթում է բանականությանը, այդ ժամանակ յուրաքանչյուր ժողովուրդ ունենում է շատ լուրջ խնդիրներ: Իսկ էսօրվա երիտասարդությունը ազատ է, վախ չունի, անգամ չափազանց անվախ է, ու ես կողմնակից եմ այդ չափազանցությանը: Մեր երիտասարդները հավատում են, որ իրենք փոխելու են դեպի լավը ու դրա համար նրանց մեջ բունտ կա, դրա համար են շապիկները ճղում, հաց չեն ուտում, դասի չեն գնում, գոռում, փողոց դուրս գալիս, ծեծ ուտում: Կա նաև բավականին ապատիկ երիտասարդություն: Երևանում սևի մեջ, կիսակուզ երիտասարդների եմ տեսնում, հետևից էլ ընկերուհին է գալիս, որ ոչ մի բանով չի տարբերվում առջևից գնացողից: Դրանք նեյտրալ, ապատիայով լեցուն երիտասարդներ են և պարզ չի` ինչով են ապրում, ինչին են հավատում:
- Ձեր նախագծերից ո՞րն եք ամենաշատ կարևորում:
- «Մեր այբբենարանը», որը արեցի իմ միջոցներով` հարսանիք վարելու, գովազդում նկարվելու արդյունքում հավաքած գումարով: Եվ իմ երազանքն է, արդեն շատ երկար տարիներ, անել մանկական ներկայացում: Մի բանահավաք ինձ համար հրաշալի օրորոցայիններ գտավ: Հավաքեցի նաև աշխարհի շատ ազգերի օրորոցայիններ: Գիտե՞ք, դրանց լեզուները շատ տարբեր են, բայց աշխարհի բոլոր մայրերը նույն կերպ են նանիկ ասում իրենց երեխային: Իսկ մեր երեխաների համար մենք ոչինչ չենք անում, ոչ մի բան:
- Փորձե՞լ եք դիմել պատկան մարմիններին, որպեսզի օգնեն Ձեր երազած ներկայացումը բեմադրել:
- Չեմ դիմել և չեմ դիմի: Որովհետև օգնել ցանկացողը կօգներ, կցանկանար, որ ծնվեր մանկական ներկայացում: Կանեմ, էդ էլ կանեմ: Մեկ-երկու գովազդում ավել կնկարվեմ, մի երեք հատ էլ հարսանիք կվարեմ ու կանեմ:
Հարցազրույցը Մարիամ Բաղդագուլյանի
16.01.2010, «Չորրորդ իշխանություն» օրաթերթ